6 փետրվարի 2021 - 11:50 AMT
Covid-19-ի դեմ պատվաստվածների քանակն աշխարհում գերազանցել է հիվանդացածների թիվը

Covid-19-ի դեմ պատվաստված անձնաց քանակն աշխարհում գերազանցել է վարակավածների թիվը։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը, գրում է «Իզվեստիան»։

«Ամբողջ աշխարհում պատվաստումների քանակը գերազանցել է վարակների մասին հաղորդագրությունների թիվը։ Մի կողմից սա լավ նորություն է և ցնցող նվաճում այսքան սեղմ ժամկետում։ Սակայն, այդ պատվաստումների երեք քառորդից ավելին բաժին է ընկնում 10 երկրի, որտեղ կուտակված է գլոբալ ՀՆԱ գրեթե 60%-ը»,-ասել է նա։

Հեբրեյեսուսը նշել է, որ 2․5 մլրդ ընդհանուր բնակչությամբ մոտ 130 երկիր դեռ չի ստացել պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Նա կոչ է արել այն պետություններին, որտեղ արդեն ընթանում են պատվաստումները, զանգվածային պատվաստումները շարունակելուց առաջ կիսվել պատվաստանյութի ավելցուկով այլ երկրների հետ։

Bloomberg-ի վերլուծաբանները հաշվել են, թե որքան ժամանակ կպահանջվի տարբեր երկրներին բնակչության 75%-ին պատվաստելու և կորոնավիրուսի պանդեմիայի սահմանափակումները լիովին չեղարկելու կամ զգալի թուլացնելու համար։ Նրանք եկել են եզրակացության, որ ընդհանուր առմամբ 7 տարի կպահանջվի։