ԿԳՄՍՆ․ Աշակերտները մշակութային օջախներ կայցելեն 2020-ին բաշխված տոմսերով

ԿԳՄՍՆ․ Աշակերտները մշակութային օջախներ կայցելեն 2020-ին բաշխված տոմսերով

PanARMENIAN.Net - «Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021-ին. հանրակրթական դպրոցների աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020-ին բաշխված, սակայն Covid-19 համավարակով պայմանավորված, դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով:

Դպրոցականներին 2021-ին նոր տոմսեր չեն տրամադրվի, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային 3 հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է)՝ յուրաքանչյուրը մեկ անգամ: Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր 10 աշակերտի տրամադրվում է լրացուցիչ 1 տոմս, որը նախատեսված է ուղեկցող ուսուցչի համար:

Բաժանորդային տոմսերն աշակերտներին բաշխվում են դպրոցների միջոցով, որոնց վրա պարտադիր է դպրոցի կնիքը:

Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում: Անհրաժեշտ է (հատկապես թատրոն և համերգասրահ այցելելուց առաջ) նախապես կապ հաստատել համապատասխան հաստատության հետ և ամրագրել այցը:

Մշակութային հաստատությունն իրավասու է սահմանել ծրագրի շրջանակում դպրոցականներին հատկացվող տեղերի քանակը, ինչպես նաև տվյալ ներկայացմանը, համերգին աշակերտների մասնակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տարիքային խումբը:

Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---