Ծնողները Երևանի քաղաքապետարանի մոտ պահանջում էին վերսկսել մանկապարտեզներում ընդունելությունը

Ծնողները Երևանի քաղաքապետարանի մոտ պահանջում էին վերսկսել մանկապարտեզներում ընդունելությունը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ բողոքի ցույց են արել` մանկապարտեզներում ոչ պատշաճ ընդունելության պատճառով: Երեխաների հետ քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված ծնողները, որոնք ներկայացել էին 108 ծնողի ստորագրություններով, ցանկանում են, որ վերջապես ընդունելությունը վերսկսվի, և երեխաները կարողանան հաճախել մանկապարտեզ:

Ծնողներից Լուսինե Սարգսյանն ասել է. «Մենք, օրինակ, հերթագրվել էինք 2019թ. սեպտեմբերից, հերթագրվել էինք մսուր խումբ ունեցող մանկապարտեզի համար, չեն կանչել մանկապարտեզից: Կարանտինի պայմանները մեղմացվել են նույնիսկ դպրոցներում, սակայն մանկապարտեզների մասին ոչինչ չեն ասում: 12,000-ից ավելի գրանցված երեխա կա, բայց օդի մեջ են, չեն հաճախում մանկապարտեզ», գրում է «Առավոտը»։

Սարգսյանը նշել է նաև, որ երեխաները տարիներով սպասում են, մեծանում ու այդպես էլ չեն ընդունվում մանկապարտեզներ:

«Ամուսինս աշխատում է, բայց ես էլ եմ ուզում աշխատել, հնարավոր չէ մեկ հոգու աշխատանքով ապրել: 2020 թ սեպտեմբերից բալիկս պետք է արդեն մանկապարտեզ գնար… Ծնողներով հուսահատ վիճակում ենք»,-ասել է նա:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրին և համապատասխան ստորաբաժանումները, համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ` համապատասխան գերատեսչությունների հետ հարցին լուծում տալու համար։ Նա չի բացառել, որ մեղմացումներ կլինեն, ասել է, որ հարցը քննարկվում է, և երբ հստակություն լինի, ասուլիս կհրավիրեն թեմայով նորությունները հայտնելու համար:

Ծնողները դժգոհել են, որ քննարկումներից այն կողմ հարցը չի գնում:

«Ամեն ծնող չէ, որ հնարավորություն ունի իր երեխային տանելու մասնավոր մանկապարտեզ: Մասնավոր մանկապարտեզում վարձը 70,000 դրամից է սկսվում, դա մի ամբողջ աշխատավարձ է: Եթե ընտանիքում մի ծնող է աշխատում, ո՞նց կարող է երեխային տանել մասնավոր մանկապարտեզ»,-ասել է ծնողներից մեկը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---