4 մարտի 2009 - 20:58 AMT
ՏՄՊՊՀ ղեկավարը չի բացառում մոտակա օրերին դոլարի փոխարժեքի իջեցումը
Տարադրամի փոխանակման կետերում իրադրությունը հսկողության տակ է եւ ներկա պահին դոլարի փոխարժեքը տատանվում է 306-308դր/$ միջակայքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Կենտրոնական բանկի հրապարակումից հետո դոլարի վաճառքը բորսայում կազմեց մոտավորապես $3 միլիոն: Դա նշանակում է, որ դոլարի իրացման ծավալները մեկ օրվա մեջ կրճատվեցին 10 անգամ»,- հայտնել է Շահնազարյանը` չբացառելով մոտակա օրերին դոլարի փոխարժեքի իջեցման հնարավորությունը:

Նախօրեին մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մինչ այդ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: