9 փետրվարի 2021 - 11:48 AMT
ԱԱԾ․ Անհետ կորած զինվորի ծնողից խաբեությամբ $3000 պահանջած անձը կալանավորվել է

Անհետ կորած զինծառայողի ծնողից որդուն վերադարձնելու դիմաց խաբեությամբ $3000 պահանջած անձին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է, մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով, նա կալանավորվել է։

ԱԱԾ-ից հայտնում են, որ տղամարդը՝ իմանալով, որ զինծառայողն անհետ կորած է, նրա հոր մոտ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձ՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքվի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետև՝ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ $3000 կաշառք։

Իբրև Բաքվից երրորդ երկիր տեղափոխելու համար 521,000 դրամին համարժեք $1000 ստանալուց հետո նրան ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները։

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: