9 փետրվարի 2021 - 12:16 AMT
Փոխվարչապետերի եռակողմ նիստում երկաթուղային ցանցին, ավտոմոբիլային հաղորդկացությանն առնչվող հարցեր են քննարկվել

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ անցկացված նիստին դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։

Եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, տրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը կայացել է փետրվարի 6-ին, փոխանցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ըստ հաղորդագրության` նիստին մասնակցել են երեք երկրի համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։

Կողմերն այդ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով են փոխանակվել։

Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները:

2020թ-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին որոշում։ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանի, Պուտինի, Ալիևի հանդիպուման արդյունքում ստորագրվեց տրանսպորտային ապաշրջափակման մասին որոշում։