9 փետրվարի 2021 - 15:56 AMT
ՀՀ նախագահը շաբաթվա վերջին կվերադառնա Երևան, եթե բժիշկները թույլատրեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Նախագահը կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է Մեծ Բրիտանիայում բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար։

Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում։

Արմեն Սարգսյանը Լոնդոնում է վարակվել կորոնավիրուսով․ արձակուրդի շրջանակում նա Ամանորը դիմավորել է Բրիտանիայում` ընտանիքի հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատություն է տարել, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական է։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը շարունակում էր հեռավար։