9 փետրվարի 2021 - 17:46 AMT
Sputnik Armenia․ Ժամկետայիններին այլևս Արցախ չեն ուղարկում

Ձմեռային զորակոչի մեկնարկից հետո ժամկետային զինծառայողներին Արցախ չեն ուղարկում, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում, հայտնում է Sputnik Armenia-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։

PanARMENIAN.Net-ն այս հարցով փորձեց մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ-ից զանգերին չեն արձագանքում, ինչպես չեն արձագանքում կամ խուսափում են պատասխանել բազմաթիվ այլ թեմայով հարցումներին և զանգերին։

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ծառայել Արցախում։ ՊԲ-ի՝ այլևս չլինելու մասին տեղեկությունը պաշտոնական Արցախից հերքել էին, ու մեկնաբանել, որ նախատեսվում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել։

Հայկական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները ՊԲ կազմալուծման մտադրության մասին հայտարարել են բազմիցս, իշխանության կողմից դրանք հերքվել են։

Հայկական կողմից 44-օրյա պատերազմից հետո շարունակում են Ադրբեջանում գերիներ մնալ․ 62 շիրակցի զինվորական է գերեվարվել, մյուս գերիների մասին հստակ տվյալներ չկան։ Ադրբեջանական կողմը չի հրապարակում գերիների իրական թիվը։ Գերեվարված շիրակցիներին, ավելին, ուզում են դատել որպես ահաբեկիչներ։

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ՊԲ կազմալուծման հարցն է դնում։ Ռուսական մամուլը հայտնել է, որ Բաքուն նոյեմբերի 10-ի համաձայնագրի 4-րդ կետի «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ» ձևակերպումը մեկնաբանում է որպես հայկական զինված ուժերի դուրսբերման պահանջ։

Ավելի վաղ Արցախի նախագահի նախկին խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով թեմային, հայտարարել էր, թե ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում։ Նա նշել էր, որ քայելր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի, Քննարկվում է նաև ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ «պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով»: