10 փետրվարի 2021 - 12:54 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստ են մշակել

«Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնում կորոնավիրուսի ախտորոշման էքսպրես-թեստ են մշակել, որը 3-4 անգամ կրճատում է թեստավորման ժամանակը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի թեստավորման համար պահանջվող 48 ժամը շատ է, որից հետո «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ թեստի արդյունքների տրամադրման ժամկետը նախատեսվում է կրճատել մինչև 24 ժամ։

«Ռեագենտների նոր հավաքածուն թույլ է տալիս 5 և ավելի անգամ կրճատել ամպլիֆիկացիայի ժամկետը, իսկ թեստավորման ընդհանուր ժամկետը՝ 3-4 անգամ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Թեստավորումը 1-1.5 ժամ կպահանջի՝ կախված նմուշից, սովորական ՊՇՌ-ի դեպքում 4-5 ժամի փոխարեն։ Նոր թեստի միջոցով հնարավոր կլինի ի հայտ բերել վարակը վաղ շրջանում և օպերատիվ կերպով սահմանափակել վարակակրի շփումներն այլ մարդկանց հետ։

Թեստը կոչել են «ԱմպիլՍենս SARS-CoV-2-IT», այն գրանցվել է փետրվարի 3-ին։

Թեստը կարող է կիրառվել ՌԴ-ում արդեն առկա ախտորոշման լաբորատորիաների բազայի վրա։ Դրա բոլոր բաղադրիչներն արտադրվում են «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնում։

Փետրվարի 8-ի տվյալներով ՌԴ-ում կորոնավիրուսի առկայության 105 մլն լաբորատոր հետազտոթյուն է կատարվել, վարակն ախտորոշվել է 3․9 մլն ռուսաստանցիների մոտ։