10 փետրվարի 2021 - 14:48 AMT
Բուհի ինքնավարությունից մինչև բակալավրում «Հայոց լեզվի» պարտադիր քննություն․ ԱԺ-ն քննարկում է բարձրագույն կրթության մասին օրենքը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Այն ԱԺ-ում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարի խոսքով՝ օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգային միտումները։

«Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասել է Դումանյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Սամսոնյանի խոսքով՝ 9 հոգանոց կառավարման խորհուրդ ունենալը ոտնահարում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը։ Նախարարի խոսքով՝ բուհի ինքնավորությունը սկսվում և ավարտվում է իր առաքելությունն իրականացնելու մեջ։

Դումանյանը նշել է, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ` ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին:

«Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: