10 փետրվարի 2021 - 15:51 AMT
ԱԺ մի խումբ պատգամավորներ Բադասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստանի» իր գործընկերների, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Սոֆյա Հովսեփյանի հետ միջնորդութուն են ներկայացրել ազատամարտիկ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ։

«Իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։

Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։ Երևի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը»,-ասվում է գրառման մեջ։

Զոհրաբյանը նշել է նաև, որ Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, և վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել «բայրաքթարների» դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։

«Վահանը մարտին պետք է ենթարկվի ևս մեկ բարդ վիրահատության և նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»,-գրել է նա։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ, ավելի ուշ՝ կալանովրվել։ Բադասյանի դեմ քրգործ կա։ Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։