10 փետրվարի 2021 - 16:16 AMT
Մարությանը՝ վթարային շենքերի մասին․ Պիտի սեփականատերն ամրացնի, քաղաքը չունի լիազորություն

Վթարային շենքերի խնդիրն առաջին հերթին օրենքով հենց շենքում բնակվող սեփականատերերի խնդիրն է, դա իրենց սեփականությունն է մուտքով կտուրով, ելքերով, Երևանի ավագանու նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երբ այդ բնակարանը վաճառվում է, ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ պետությունը ոչինչ չեն ստանում այդ գումարից, օրենքն է այդպես: Սեփականատերը պետք է զբաղվի շենքի ամրացումներով։ Շենքից դուրս՝ մենք, բայց շենքի ներսում ամեն ինչն իրենց լիազորության ներքո է»,- ասել է նա:

Մարությանը նշել է, որ եթե ինչ-որ գերատեսչություն պետք է զբաղվի այդ հարցով, ապա դա կառավարությունն է:

«Սա էլ ֆիքսենք, էդ երկուսը, եթե չեն կարողանում կամ չեն ուզում անեն, նոր մենք պետք է ինչ-որ բան անենք կամ չանենք։ Օրենքով պետք է չանենք, բայց մարդասիրական, կամ չգիտեմ դրա անունը ինչ դնեմ, քայլով կարող ենք անել: Մենք դրա ո՛չ լիազորությունը, ո՛չ պարտականությունը ունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ կուզեր, որ օգնեին, բայց իրենց վրա չկա այդ պարտականությունն ու լիազորությունը։

Քաղաքաշինության կոմիտեի տվյալով Երևանում 2019-ի դրությամբ 120 վթարային շենք է եղել։ Շենքերի անվտանգության, վթարային շենքերում բնակիչների ապրելու հարցն ակտիվացել է 2021-ի փետրվարին գրանցված երկրաշարժից հետո․ ՀՀ-ում զգացվել էին 6-7 բալանոց ցնցումներ։