Ավինյան․ Եվս մեկ եռակողմ պայմանավորվածություն կա՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով

Ավինյան․ Եվս մեկ եռակողմ պայմանավորվածություն կա՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բացի նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման և հունվարի 11-ի՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից, ադրբեջանական ու ռուսական կողմի հետ ևս մեկն ունի՝ կապված Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հետ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

Պատգամավորը խնդրել է մեկնաբանել՝ ինչ հուշագրի մասին է ավելի վաղ խոսել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և արդյոք նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածություններից բացի, այլ փաստաթուղթ կա։

Բագրատյանը փետրվարի 10-ին հայտարարել էր, թե Կապանում ռուս սպան նրան է տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Ըստ նախկին վարչապետի՝ ճանապարհի որոշ հատվածներում հայկական կողմին ստիպել են 1-2 կմ նահանջել, իսկ GPS-ով սահմանազատումը բազմաթիվ սխալներ է արվել։

Ավինյանը նախ նշել է, որ այդ հարցի պատասխանը պետական գաղտնիքներ է պարունակում, այն հանրային քննարկել չի կարելի։ Նա առաջարկել է անվտանգային միջավայրին առնչվող հարցերը քննարկել ԱԺ համապատասխան հանձնաժողովներում։ Պատգամավորի դիտարկմանը, թե պայմանագրի կամ միջազգային փաստաթղթի բովանդակությունը գաղտնի լինել կարող է, իսկ ինքնին դրա փաստը՝ ոչ, Ավինայնը նշել է, որ ինքը տեղեկացված չէ առանց ՌԴ միջնորդության որևէ փաստաթղթի մասին։

«Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածին, որտեղ վիճելի հատվածներով էր անցնում ճանապարհը։ Դա, բացի Ձեր նշած պայմանավորվածություններից, միակն է, որ ինձ հայտնի է»,-ասել է փոխվարչապետը։

Պատերազմից հետո հայկական կողմը ստիպված է եղել Արցախում ու ՀՀ որոշ հատվածներում զիջումների գնալ։ Մասնավորապես Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերից տներ ու հողատարածքներ են մնացել ադրբեջանական կողմում։ Սահմանազատման աշխատանքները կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզների։

Ընթերցեք նաև․ Բագրատյանը հայտարարել է հայ-ադրբեջանական հուշագրի մասին, որն իրեն ցույց են տվել Սյունիքում

 Ուշագրավ
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը