4 մարտի 2009 - 22:25 AMT
Հայաստանը ստորագրել է քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին Եվրոպական կոնվենցիայի արձանագրությունը
Մարտի 3-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի ներկայությամբ ստորագրեց «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը: Արձանագրության նպատակն է Եվրոպայում քաղաքական եւ սոցիալական զարգացումների եւ աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումների պայմաններում կատարելագործել անդամ-պետությունների` անդրսահմանային հանցագործություններին արձագանքելու ունակությունը:

Նշենք, որ 2001թ. նոյեմբերի 8-ից արձանագրությունը բաց է ստորագրման համար` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիային բոլոր անդամակցած եւ ստորագրած ԵԽ անդամ պետությունների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: