12 փետրվարի 2021 - 11:15 AMT
Արշակյան․ Քննարկել ենք Netflix-ի համար ՀՀ ստարտափ էկոհամակարգի մասին պատմող նախագիծը

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկել է նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։

Արշակյանը գրել է, որ Musk Factor 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է 4 տղայի մասին, որոնք «անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները»։

«Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է: Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի»,- գրել է նախարարը:

Ծրագրի հեղինակ Ռաֆայել Թադևոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սերիալում հնարավորություն կա ներգրավելու համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների։ Նա նշել էր, որ իրենց գաղափաարը հավանության է արժանացել Netflix-ում ու առջևում սերիալի նկարահանումներն են։