12 փետրվարի 2021 - 11:49 AMT
Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՌՀ-ին

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` պահանջելով անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը, որով հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Ըստ Դատական տեղեկատվական համակարգի`

Գործը վարույթ է ընդունվել։

«Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության մասին» որոշման համաձայն| լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5 ՝ խոստացված 6-ի փոխարեն:

Հայցով ընկերությունը պահանջում է նաև անվավեր ճանաչել «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» որոշումը։

Ավելի վաղ Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարել էր, որ ՀՌՀ կողմից բաշխված հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մասին որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական, նաև նշել, որ օրինական բոլոր միջոցներով պայքարելու են վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարելի է դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, Ucom-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով։