12 փետրվարի 2021 - 12:14 AMT
Զախարովա․ Աշխատում ենք ՀՀ և Ադրբեջանի հետ հայ գերիների վերադարձի հարցով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն աշխատում է ՀՀ և Ադրբեջանի հետ հայ գերիներին վերադարձնելու հարցով։ Այդ մասին նա ասել ճեպազրույցում՝ հավելելով, որ գերիների հարցի օպտիմալ լուծումը «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափն է։

«Մենք աշխատում ենք և՛ ադրբեջանցի, և՛ հայ գործընկերների հետ, այդ թվում` հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով: Վերջերս ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը՝ տուն է վերադարձել 1 ադրբեջանցի և 5 հայ»,-ասել է Զախարովան։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։