12 փետրվարի 2021 - 12:03 AMT
Սլավոնականը պահանջում է անհապաղ ընդդիմադիրների ներգրավմամբ կառավարություն ձևավորել

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Այդ մասին ասվում է Գիտխորհրդի տարածած հայտարարության մեջ։

Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։ Հակառակ պարագայում` համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա:

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը նաև իր անվերապահ աջակցությունն է հայտնել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանին ուղղված նրա բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ավելի վաղ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժեր լծել է իրեն պաշտոնանկ անելու համար, իսկ երբ դա արդյունք չի տվել, ԱԱԾ-ի միջոցով է ռեկտորի հրաժարականի պահանջ փոխանցել իրեն:

«Հպարտ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը: Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից:

Երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին:

Հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 10-ին «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Սլավոնական ռեկտորի հասցեին հնչող մեղադրանքների պատճառի մասին ԱԺ-ում հարց է հղել վարչապետին, սակայն պատասխանել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։Նա ասել է. «Այնտեղ մեր մասով էլ կա պնդում: Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍՆ-ում ստվերային ուժեր կան, այդ ամեն ինչը կատարում են ու ես տեղյակ չեմ: Ես միանշանակ հերքում եմ նաև կառավարության մասնակցությունը․․․ Ռեկտորի հետ նույնիսկ հեռախոսազրույց, ընդհանրապես որևէ բան չի եղել: Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, թե ինչ նկատի ունի: Ընդամենը կարող եմ ասել՝ պարո՛ն Դարբինյան, խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա, մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր, եթե կա, թող ասի որտեղ է»: