12 փետրվարի 2021 - 13:16 AMT
Ոստիկանների՝ քաղաքացիներին ծեծելու դեպքը նոր չէ․ Գործը դատարանում է

Սոցցանցերում տարածվող տեսանյութը, որտեղ ոստիկանները մի տղամարդու են ծեծում, նոր չէ, դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսին, ոստիկանների դեմ քրգործեր են հարուցվել, այն Հատուկ քննչական ծառայությունում է, PanARMENIAN.Net-ին ասացին Ոստիկանությունից։

Ավելի վաղ լրատվամիջոցներն ու սոցցանցային տարբեր հարթակներ տարածում էին Telegram-ալիքներից մեկից վերցված տեսանյութ, որտեղ ոստիկանները ծեծում էին մի տղամարդու։ Տեսանյութը տարածած ալիքում նշվում էր, թե այն նոր է։

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհային 3 ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

ՃՈ երեք տեսուչին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

ՀՔԾ-ից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին, երբ ՃՈ աշխատակիցներ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, նկատելով արգելված վայրում կայանված մեքենան, այն տեղափոխել են հատուկ տարածք։ Մեքենայի վարորդ Արթուր Մեսրոպյանը, իր ազգական Տիգրան Մեսրոպյանի հետ գնացել է պարզաբանումներ ստանալու։

Քաղաքացիները հայհոյել են ոստիկաններին, վերջիններս հարվածել են նրանց՝ մարմնական վնասվածքներ պատճառելով։ Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է: