12 փետրվարի 2021 - 13:18 AMT
Շիրակում տնակների բնակիչներին վառելափայտ կտան

Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի ոչ հիմնական շինություններում ապրող նպաստառու ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Գյումրի կատարած այցիս ընթացքում արձանագրված ամենահրատապ և սուր խնդիրը ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների համար ջեռուցման ապահովումն է: Գործընթացն առաջիկա օրերին կսկսի Շիրակի մարզպետարանը։

Ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք օգնում են՝ խնդիրները վերհանելու և դրանց հասցեական լուծումներ տալու հարցում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ աջակցում են դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին։