12 փետրվարի 2021 - 14:54 AMT
ԿԳՄՍՆ․ Ուս.հաստատություններում Covid-19-ի պատճառով սահմանափակումները մեղմացվել են

Դպրոցներում սոցիալական հեռավորության տարածությունը կրճատվել է 1 մետրի, թույլատրվում է 20-ից ավելի սովորողի ներկայությունը դասարանում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրավոր համաձայնությամբ, հայտնում են նախարարությունից՝ հավելելով՝ մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում Covid-19-ի պատճառով կիրառվող որոշ սահմանափակումներ։

Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքն այդ տարածք։

Մեղմացվել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը։ Մանկապարտեզները լրացուցիչ ընդունելություն չեն կարող կազմակերպել, բացառությամբ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Սոցիալական տարածությունը՝ 1․5 մետր։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանում 2020-2021 ուստարին մասամբ հեռավար է կազմակերպվել։ Դպրոցներում ու բուհերում դասերը վերսկսելուց հետո հակահամաճարակային հատուկ կանոններ էին ներդրվել՝ վարակի տարածումը սահմանափակելու համար։