4 մարտի 2009 - 23:05 AMT
Տիգրան Սարգսյանը հավատացրել է, որ գները կկայունանան մոտակա օրերին
Խանութներում գները կկայունանան մոտակա օրերին: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այն խառնաշփոթը, որով շուկան արձագանքեց Կենտրոնական բանկի նոր քաղաքականությանը, միանգամայն կանխատեսելի էր: «Նման երեւույթների հետ մենք բազմիցս բախվել ենք»,- հիշեցրել է վարչապետը: Այսօր արդեն բորսային շուկայում նկատվում է որոշակի կայունացում. առքուվաճառքի ծավալները կազմել են $7 մլն, իսկ դա վկայում է այն մասին, որ ֆինանսական սեկտորում կայունությունն ապահովված է: Վարչապետի գնահատամամբ, շուտով այդ կայունությունը կփոխանցվի նաեւ մյուս տնտեսվարող սուբյեկտներին եւ, մասնավորապես, ներկրողներին: «Մոտակա օրերը կդառնան մի շրջան, երբ ներկրողները կճշտեն իրենց գնային քաղաքականությունը եւ ամեն ինչ իր առօրյա հունի մեջ կմտնի»,- նկատել է Սարգսյանը` ավելացնելով, որ «վերջերս դրամի ամրապնդման կապակցությամբ ներկրողներն աշխատում էին բարենպաստ միջավայրում եւ բավական պաշար են կուտակել սահուն անցման համար»:

Ներկայումս հարկային տեսուչները կատարում են ներկրողների պաշարների հաշվառում, ինչը թույլ կտա խուսափել նրանց կողմից առքուվաճառքի կատարումից: Ընդհանուր առմամբ, վարչապետը բոլորին հավասարակշռված գործողությունների կոչ է արել: «Մենք դրամի արժեզրկում ենք կանխատեսում 8%-ով, նույն այդ մակարդակը նկատվում էր նաեւ 2008թ., ուստի ես բոլորին խնդրում եմ այդ երեւույթին վերաբերվել նույնպես, ինչպես եւ անցյալ տարի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ խոսքը գնում է սպառողական զամբյուղի մասին: