12 փետրվարի 2021 - 16:02 AMT
Մանուկյան․ Փաշինյանն իշխանությունից կամավոր չի գնա, պետք է ոտքերն ու հենարանները կոտրենք

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը։ Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենց օրակարգը նույնն է՝ «ազատվել դավաճան վարչապետից և հիմնել ժամանակավոր կառավարություն»:

«Ինքը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը) կամավոր չի գնալու այս իշխանությունից, մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները։ Որո՞նք են իր հենարանները։ Կա ժողովրդի մի հատված, որը չի պատկերացնում՝ ինչ է կատարվում, մեր պարտքն է բացատրել այդ մարդկանց»,- ասել է նա։

Մանուկյանը հայտնել է, որ փետրվարի 20-ին իրենք սկսելու են հանրահավաքները, բայց փետրվարի 12-ի հանրահավաքը կազմակերպվում է` ընդդեմ երրորդ եռակողմ պայմանավորվածության, որի մասին մինչև 2021-ի փետրվար չէր հայտարարվել։

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը բացի նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման և հունվարի 11-ի՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից, ադրբեջանական ու ռուսական կողմի հետ ևս մեկն ունի՝ կապված Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հետ։

«Մենք հաղթել ենք պատերազմներ, պարտվել ենք պատերազմներում, երբեմն երկիր ենք կորցրել, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարն առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից պետությունը ծախի, այդպիսի բան չէինք տեսել»,- ասել է նա։

Մանուկյանի խոսքով՝ համաժողովրդական շարժում է պետք՝ Փաշինյանի հրաժարականի համար։

Մանուկյանը Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդիմադիրների վարչապետի թեկնածուն է։ Նոյեմբերի 10-ից հետո ընդդիմությունը պարբերաբար հանրահավաքներ է իրականացնում՝ վարչապետի հրաժարականի պահանջով։