15 փետրվարի 2021 - 11:03 AMT
Քաղաքապետարան․ Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են

Երևանի համայնքային ենթակայության դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են, հայտարարել են քաղաքապետարանից:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։

Փետրվարի 15-ին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին:

«Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Տեղերում խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»,- ասել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Նա հայտնել է, որ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս վեցը կհիմնանորոգվի 2021-ին։ Բացի այդ, էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից 2-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Փետրվարի 13-ին Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: