15 փետրվարի 2021 - 11:20 AMT
Նախարար․ Գյուղերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորումը կավելացվի

Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշել է, որ 2020-ին գյուղական մի շարք բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվել են տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային է եղել սուբվենցիոն ծրագրերի համար:

«Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարհների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում»,-գրել է նա։

Պապիկյանը նաև ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները․ Լոռու Բազում համայնքում 758 գծամետր ճանապարհի սալարկում է արվել, Արջուտում՝ կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում է ընթանում։ Սալարկում է իրականացվել նաև Շիրակի Նոր Կյանք, Փոքր Մանթաշ բնակավայրերում, Լոռու Ախթալայում, Մեծավանում, Արմավիրի Հովտամեջում։