5 մարտի 2009 - 12:32 AMT
Հրեաները պետք է հրաժարվեն Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայից
«Բոլոր մահմեդական երկրներից Իսրայելը հարաբերություններ ունի միայն Թուրքիայի հետ: Այդ հարաբերությունները ծնվել են անհրաժեշտությունից` Թուրքիան միջնորդ է հանդիսանում Սիրիայի հետ խաղաղ բանակցություններում: Դրա փոխարեն Թուրքիան ռազմական նոու-հանուներ եւ տեխնոլոգիաներ է ստանում»,-գրում է Նորման Էփսթեյնը «Հրեաները պետք է հրաժարվեն ցեղասպանությունը ժխտող Թուրքիայից» հոդվածում: Նրա կարծիքով, Գազայի տարածքի վերջին իրադարձությունների լույսի ներքո Թուրքիայում տագնապալի ազդաննշաններ են ի հայտ եկել, օրինակ, հակասեմիտիզմի բռնկումը:

«Թուրք-իսրայելյան գործընկերությունը հիմնված է ԱՄՆ-ի հրեական լոբբի վրա, որն աշխատում է թուրքական կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը արգելափակելու ուղղությամբ: Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, անտեսելով համոզիչ եւ անհերքելի փաստերը»,-գրում է Էփսթեյնը:

Նա ընդգծում է, որ հրեաներին այդ ուրացումը պետք է նույնքան վրդովեցնի, որքան Հոլոքոսթի ժխտումը: Եվրոպայի հրեաների աղետը բարոյական հրամայական է դարձնում այն, որ հրեա կազմակերպությունները չդառնան Թուրքիայի հանցակիցները նրա կողմից հանցագործությունների ժխտման հարցում:

«Իսրայելը բավականաչափ հզոր երկիր է, վերանայելու համար իր ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ իր պայմաններով: Սակայն ես բարոյապես անընդունելի եմ համարում, որ մարդիկ, որոնք վերածնվել են Հոլոքոսթի մոխրից, մեկ այլ ցեղասպանության ժխտման հանցակից են դառնում: Դա հակասում է հրեաների հոգու էությանը»,-ասվում է The Canadian Jewish News-ի հրապարակած հոդվածում: