15 փետրվարի 2021 - 15:35 AMT
Գեյթսը $2 մլրդ կհատկացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարին

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է առաջիկա 5 տարում մոտ $2 մլրդ հատկացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Այդ մասին նա ասել է գերմանական Handelsblatt թերթին։

Գեյթսը մտադիր է միջոցները ներդնել ստարտափ ընկերությունների և այլ նախագծերի մեջ։ Ըստ նրա,` կլիմայական աղետը պետք է կանխել տեխնոլոգիական նորարարությունների միջոցով։

«Դա հնարավոր է, բայց շատ բարդ կլինի»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ Գեյթսը հորդորել է 5 անգամ ավելացնել գլոբալ պետական ներդրումները գիտական հետազոտությունների մեջ՝ առնվազն հասցնելով տարեկան $110 միլիարդի։ Դրանք պետք է ուղղել աշխարհով մեկ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանն ու այլ նորարարություններին։

«Մենք պետք է փոխենք ֆիզիկական տնտեսությունն այնպիսի տեմպերով, որոնք դեռ չեն եղել պատմության մեջ»,-կարծում է Գեյթսը։

Նա կնոջ՝ Մելինդայի հետ գլխավորում է բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքի հիմնական ուղղություններից է նաև պայքարը վնասակար հիվանդությունների դեմ զարգացող երկրներում, կրթական և առողջապահական ծրագրեր ԱՄՆ-ում։ Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։

Photo. Getty Images