ՀՑԹԻ․ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունն Իսրայելի քաղաքականության հետ խառնելն անընդունելի է

ՀՑԹԻ․ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունն Իսրայելի քաղաքականության հետ խառնելն անընդունելի է

PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվով հայերի և հրեաների ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը պետք է ամենախիստ պատժի ենթարկվի, քանի որ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունն իսրայելական կառավարության քաղաքականության հետ խառնելն անընդունելի է: Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանի հայտարարության մեջ։

Նշվում է, որ փետրվարի 12-ին ինչ-որ վանդալներ կարմիր ներկ էին լցրել հուշարձանի վրա և գրություններ թողել: Գրություններն անվանումներ են իսրայելական արտադրության այն զինատեսակների՝ Lora, Elbit, Harop, Sandcat, Hermes, Orbiter, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ։

«Իհարկե, Իսրայել պետության քաղաքականությունը և, մասնավորապես, գործողությունները պատերազմի ժամանակ դատապարտելի են: Ավելին, դրանք նույնիսկ տեղավորվում են ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի «ե» կետի շրջանակում, որը հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ նույնպես համարում է այս կոնվենցիայով պատժելի արարք: Իսկ Իսրայելը ոչ միայն մատակարարել էր այս զենքերը Ադրբեջանին, այլ չէր դադարեցրել դրանց հոսքը պատերազմի օրերին, թեև բազմաթիվ օրինակներով ապացուցվում էր, որ այդ զինատեսակներն օգտագործվում էին խաղաղ բնակչության դեմ՝ արցախահայությանը բնաջնջելու մտադրությամբ:

Սակայն Հոլոքոստի հուշահամալիրը բնավ կապ չունի այսօրվա Իսրայել պետության հետ: Այն խորհրդանշում է հրեա ժողովրդի տառապանքները, մի ժողովրդի, որի հետ մեզ կապում են հազարամյա հարաբերություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հրեա գիտնականները կոչ բարձրացրեցին իրենց պետությունից պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Բազմաթիվ հրեա մտավորականներ քննադատեցին սեփական կառավարությանը:

«Հրեաները դարերով ապրել են Հայաստանում, եղել են Հայաստանի օրինապահ քաղաքացիներ, մեր երկրի հետ կիսելով և՛ դժվարությունները, և՛ ուրախությունները, ու երբեք չեն ենթարկվել ազգային հետապնդման միշատ պարզ պատճառով: Ի տարբերություն աշխարհի շատ ու շատ երկրների Հայաստանում չկա հակասեմականություն: Եթե նույնիսկ եղել են հրեաների նկատմամբ վատ վերաբերմունքի եզակի դրսևորումներ, ապա դրանք արժանացել են ամբողջ հասարակության կոշտ արձագանքին և մնացել են բոլորի կողմից մերժված և դատապարտված»,-ասվում է հայտարարության մեջ:

Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել-չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին դատապարտել է հուշարձանի պղծումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---