16 փետրվարի 2021 - 14:10 AMT
Ինչո՞ւ են թանկացել դեպի ՌԴ ավիատոմսերը. Պարզաբանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ներկայացրել է դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման պատճառները։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքներով, իսկ մյուս՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված ՀՀ ավիափոխադրող կազմակերպության՝ «Արմենիա ավիաընկերության» առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

Մասնավորապես՝ ՀՀ ռեզիդենտ «Արմենիա ավիաընկերության» ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021-ի փետրվարի 1-ին ՀՀ քաղաքացիների համար ՌԴ օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր:

Ինչ վերաբերում է ՌԴ ռեզիդենտ ընկերություններին, ապա վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից:

Այնուամենայնիվ, hանձնաժողովը նախկինում ևս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացմանը, ինչի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց գների բարձրացումների պատճառները: ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից տոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ:

Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակում կարող է սահմանվել մի քանի ենթադաս: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից և այլն:

Բացի այդ, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաև ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման և այլ ծրագրեր: Նշված ծրագրերն աշխատում են փոխկապակցված կերպով և մեկից մյուսին փոխանցում են անհրաժեշտ տվյալներ:

Վերոգրյալ ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային գործոնից։

Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին հրապարակումներ են եղել մամուլում, բողոքներ են ստացվել նաև առկա թեժ գծով։