«Ստում է»-ից մինչև ԼՂ հարցում նպաստավոր բանակցություններ․ Քաղուժերը՝ Սարգսյանի հարցազրույցի մասին․

«Ստում է»-ից մինչև ԼՂ հարցում նպաստավոր բանակցություններ․ Քաղուժերը՝ Սարգսյանի հարցազրույցի մասին․

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլի 23-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ուղարկել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկուսարան՝ իր պաշտոնավարման ժամկետը երկարացնելու խնդրանքով, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

Վերջինս անդրադարձել է Սարգսյանի՝ հարցազրույցում հնչեցրած մտքին, թե ինքը կանչել է Կարապետյանին, ասել, որ հրաժարականի որոշում է կայացրել ու խնդրել, որ նա գնա մեկուսարան ու տեղյակ պահի։

«Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին: Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր՝ լռեիր»,- գրել է Հարությունյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ ասել է, թե Սարգսյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունն է տվել, իսկ իշխանությանը՝ «սրանք, դրանք, կապիտուլյանտներ» է ասել, և ստացվում է, որ Փաշինյանին Ալիևից վատն է համարում։

«Ստացվում է՝ այո: Այսինքն` նա ագրեսո՞ր չի: Էլի նույն գի՞ծն են առաջ տանում, որ Հայաստանն է մեղավոր այս պատերազմի համար: Գոնե հավասարության նշան դներ: Պատերազմի պատճառներն է՞լ ես դու դնում քո իշխանության պատասխանատվության տակ: Միջազգային հանրությունը բա ի՞նչ կասի: Կասի՝ ըհը, ձեր ընդդիմությունն ասում է, որ դուք եք հրահրել, չհրահրեիք՝ չէր լինի: Ալիևն էլ կազատվի բոլոր տեսակ պատասխանատվությունից: Դա նորմա՞լ է: Մենք նման բան ասե՞լ ենք այն ժամանակ, երբ 2016-ի կռիվը եղավ»,- ասել է Եղոյանը, փոխանցում է Aravot.am-ը։

Հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սարգսյանի լուսանկարով ու գրել, որ հպարտ է, որ նրա թիմակիցն է։ Ավելի ուշ՝ ուղիղ եթերում Աշոտյանը նաև անդրադարձել է Սարգսյանի հարցազրույցին ու ներկայիս իշխանության գործունեությանը։ Նա մեկնաբանել է հարցը, թե ինչու Սարգսյանը չէր ստորագրում մինչ 2018-ը եղած փաստաթղթերը՝ ԼՂ հարցով։ Նա նշել է, որ փաստաթղթերը վերջնականապես պատրաստ չեն եղել, 2011-ին Ալիևը հրաժարվել է, ապա ռազմական էսկալացիա է եղել, իսկ հետո առաջին պլան են եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ Աշոտյանը նշել է, որ Սարգսյանը պատրաստ է եղել քաղաքական պատասխանատվություն վերցնել իր վրա՝ ստորագրելու փաստաթուղթ։

Ըստ Աշոտյանի՝ Սարգսյանը երբեք հող հանձնելու մասին չի բանակցել, բանակցել է ստանալու մասին՝ անվտանգության երաշխիքները և Արցախի կարգավիճակը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ խոսել է 30 տարի ներդրումներ անելու, ապա՝ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին, փոխանցում է Ա1+ը։

Մարուքյանը նշել է, որ Արցախի սահմանադրության մեջ բոլոր 7 շրջանը համարվել են ԱՀ-ինը, իսկ մյուս կողմից բանակցություններ են վարվել տարածքների հանձնման շուրջ։

«Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, որքանով ես գիտեմ, 90 տոկոսով հենց այդպես էլ եղել է։ Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ և այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին։ Եվ ինձ ասվել է, որ սա ուղղակի աբսուրդ է, զանգել, ասել են, թող դուրս գան սենյակից, ես չեմ ասի դա որ սենյակն է, բունկերն է, թե այլ տեղ։ Բոլորը, ըստ էության, Ստեփանակերտի հրապարակում նեղացած կանգնած էին։ Իշխանությունը պիտի դրա համար պատասխան տա»,- ասել է Մարուքյանը՝ կարևորելով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը։

Սերժ Սարգսյանը 2018-ից հետո առաջին անգամ մեծ հարցազրույց էր տվել՝ ներկայացնելով իր հրաժարականի, պատերազմի պատճառների, ԼՂ հակամարտության կարգավորման մասին իր տեսակետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---