ԱԺ 3 պատգամավոր գերիների հարցով Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարության նախագիծ են մշակել

ԱԺ 3 պատգամավոր գերիների հարցով Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարության նախագիծ են մշակել

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը և Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Պատգամավորների խոսքով՝ Ադրբեջանն իր քաղաքականությամբ արհեստականորեն ձգձգում է այնտեղ գտնվող բոլոր գերիների հայրենադարձումը, ավելին՝ նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները:

Նրանք դիմել են նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար։

«Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր գերիների հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ խոչընդոտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի իրականացմանը»,- հայտարարել են նրանք։

Պատգամավորները նպատակ ունեն ԱԺ կողմից դատապարտել Ադրբեջանի «հակամարդկային պահվածքը», ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստելու Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձին։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն Ադրբեջանում դեռ գերիներ ունի։ Նրանց հստակ թվի մասին տվյալներ առայժմ չկան։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---