ՀՀ նախագահը մտադիր է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել

ՀՀ նախագահը մտադիր է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Այդ մասին նա ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ աշխատանքային հանդիպմանը։

Դրա ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան համահայկական հիմնադրամը մոտ 104 մլն դոլար է փոխանցել կառավարությանը պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։ Ֆինանսների նախարարությունը անհիմն է համարել խոսակցությունները հիմնադրամից կառավարություն միջոցներ փոխանցելու անօրինականության վերաբերյալ ու հայտնել, որ Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել այդ որոշմանը։

Համահայկական հիմնադրամը պատերազմի օրերին հավաքել էր 170,6 միլիոն դոլար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---