Թանդիլյանը, Մարուքյանն ու Բաբաջանյանը՝ Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու մասին

Թանդիլյանը, Մարուքյանն ու Բաբաջանյանը՝ Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու  մասին

PanARMENIAN.Net - Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու ԱՀ ԱԺ-ում շրջանառվող նախագծին, գրել է, որ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։

«Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։

Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։

Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»,-ասվում է գրառման մեջ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճեպազրույցում խոսելով այդ նախագծի մասին, ասել է, որ դրան նորմալ է վերաբերվում։

«Կա՛մ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը ու հայերենը չի լինում ընդհանրապես, կա՛մ հայերենի հետ լինում է ռուսաց լեզուն, որտեղ մեծ կոնտինգենտ կա: Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, մեր անվտանգությունը ապահովի, բայց ասենք իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞: Դա արդա՞ր է»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին հուսով է, որ Արցախում առնվազն որոշ ողջամիտ շրջանակներ մնացել են և «հասկանում են, որ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելը անշրջելի գործընթաց է, որն ամենևին լեզվի մասին չէ»:

«Այս պայմաններում Մինսկի խումբը որոշ ժամանակ ևս կշարունակի գոյություն ունենալ, տեսակապի միջոցով հանդիպել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, ապա հարցը սահուն կերպով կտեղափոխվի Մոսկվա՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի քննարկումների օրակարգ»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Արցախում մտադիր են պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին՝ Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Այն հրապարակվել է Արցախի ԱԺ կայքում։

Ըստ նախագծի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուները կլինեն գրական հայերենը և ռուսերենը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---