Գալստյան. Շահագրգիռ անձինք նվիրվել են ինձ` մեղավորների թոփ-5-ում տեղավորելու երազանքի իրականացմանը

Գալստյան. Շահագրգիռ անձինք նվիրվել են ինձ` մեղավորների թոփ-5-ում տեղավորելու երազանքի իրականացմանը

PanARMENIAN.Net - Բանակին 1980-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր վաճառելու և $1 մլն խարդախությամբ հափշտակվելու համար կալանավորված Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր և իր հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում և իրենց ակնհայտ ապօրինի կարգով զրկել են ազատությունից։

Գալստյանը բերման էր ենթարկվել փետրվարի 1-ին՝ բանակին 1980-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր վաճառելու և 523 մլն դրամին համարժեք՝ $1 մլն խարդախությամբ հափշտակելու համար։ Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականում 1977 թվականը տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետն է, այլ ոչ մատակարված ապրանքի արտադրության։

«Իրականությունը ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը։ Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում։ Նախաքննությանը և դատարանին ներկայացվել են անհերքելի ապացույցներ, որ մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որևէ բնութագիր չի թաքցվել, ավելին մինչև ընդունելը և վճարելը այդ կրակոցները սահմանված կարգով անցել են փորձարկումներ։

Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմում պարտության համար մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Օգտվելով նման հնարավորությունից շահագրգիռ անձինք անմնացորդ նվիրվել են ինձ մեղավորների թոփ հնգյակում տեղավորելու իրենց բաղձալի երազանքների իրականացմանը։ Միգուցե ես այս պահին հանդիսանում եմ ամենահարմար թեկնածուն՝ հաշվի առնելով իմ գործունեության բնույթը։

Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում չնայած բոլոր փորձերին, չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Գալստյանի՝ հենց այդ մարդիկ տարբեր լրատվական միջոցներով տեղեկությունները ակնհայտ խեղաթյուրելով և իրականությունը մանիպուլացնելով փորձում են նաև ստեղծել հանրային տրամադրություններ՝ կապված ՊՆ-ի և դրա մատակարարների հետ:

Փետրվարի 19-ին ժամը 16։00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքը՝ կապված վերջինիս կալանավորման հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---