Հ2-ը ՀՌՀ որոշումը վիճարկելու համար դիմել է դատարան․ Բողոքը վարույթում է

Հ2-ը ՀՌՀ որոշումը վիճարկելու համար դիմել է դատարան․ Բողոքը վարույթում է

PanARMENIAN.Net - Հայկական երկրորդ հեռուստաալիքը (Հ2) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից բաշխված հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մասին որոշումը վիճարկելու համար դիմել է դատարան։ Այդ մասին հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը հայտարարել է հրավիրված մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ դատարանը բողոքը վարույթ է ընդունել, գրում է Shantnews.am-ը։

Հրավիրված ասուլիսին մասնակցել են նաև Հայկական երկրորդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանը և «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը։

Բանախոսներն անդրադարձել են հայկական երկրորդ հեռուստաալիքի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը չհաղթահարելուն և դրա շուրջ դատական գործընթացին և նշել են, որ շարունակելու են պայքարն իրավական դաշտում։

Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) այդ որոշմանը, այն համարել անարդար և հայտարարել են, որ այդ որոշումը կապում են իրենց հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի քաղաքական հայացքների հետ։

Ավելի վաղ հեռուստաընկերության աշխատակիցները նամակներ էին հանձնել Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին։

Հ2-ից նշել են, որ ՀՌՀ որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակման հնարավորությունից, հունվարի 21-ից իրենց հաղորդումներն այլևս հնարավոր չէ դիտել ալեհավաքի միջոցով։

Առաջիկա յոթ տարում, վարկանիշային քվեարկության միավորների համաձայն, հանրապետական սփռում կիրականացնեն հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի ամենաբարձր միավոր հավաքած 5 հեռուստաընկերություն․«Արմենիա թիվի», «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը), «Շանթ» ՍՊԸ, «A TV», «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»: Եվս 7 հեռուստաընկերություն ստացելէ մայրաքաղաքային սփռման իրավունք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---