Թուրքիայի մեջլիսի նախագահ. Ակնկալում ենք, որ այս անգամ Հայաստանը ճիշտ կվարվի

Թուրքիայի մեջլիսի նախագահ. Ակնկալում ենք, որ այս անգամ Հայաստանը ճիշտ կվարվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը, ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի»:

«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ և անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը:

Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա: Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկին:

Շենթոփը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»:

Այնուհետև Շենթոփը, ընդգծելով Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական աջակցության աստիճանը, հիշեցրել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված համատեղ հռչակագիրը, որը, ըստ նրա, պատասխան էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այդ հռչակագրով խստագույնս դատապարտվել էր Ֆրանսիայի Սենատի որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է վերջերս ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու համար, Շենթոփն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ 87 պատգամավոր ի պատասխան հիշյալ նամակին, գրավոր հայտարարություն են հրապարակել:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ավելի վաղ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ասել էր, որ չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: «Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»,-ասել էր ԱԳՆ խոսնակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---