Ղարաբաղյան շարժման մեկնարկից 33 տարի է անցել

Ղարաբաղյան շարժման մեկնարկից 33 տարի է անցել

PanARMENIAN.Net - 1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային` Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ օրից անցել է 33 տարի և, ինչպես իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, «այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած»:

2020-ի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Արդբեջանի դեմ սկսված 44-օրյա պատերազմի արդյունքում և ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակող հայտարարությամբ մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանները հանձնվեցին Ադրբեջանին, հայկական կողմը կորցրեց ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, ռուս խաղաղապահների տեղակայվեցին, պայմանավորվածություն է հաստատվել Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև։ Եղան հազարավոր զոհեր և վիրավորներ, բազմահազար տեղահանվածներ, Արցախի մեծ մասի կորուստ։

1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության մեծ մասը՝ 99,89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին: Դեկտեմբերի 28-ին դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը:

Օգտագործելով իր տարածքում եղած ԽՍՀՄ ԶՈւ 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հայտնի է, պատերազմը սկսվեց 1991-ի աշնանը և շարունակվեց փոփոխական հաջողությամբ մինչև 1994-ի մայիս: Եղավ մի ժամանակահատված, երբ ԼՂ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում էին չդադարող զանգվածային ավիահարձակումների ու գնդակոծությունների:

1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը:

1992-ի հունիս-հուլիսին ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում հակառակորդին հաջովեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասը:

Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու նպատակով կյանքը ԼՂՀ-ում ամբողջովին ռազմական պահանջներին ենթարկվեց՝ 1992-ի օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ինքնապաշտպանության կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Ինքնապաշտպանական ուժերի ջոկատները վերակազմավորվեցին և խիստ կարգապահության ու միասնական հրամանատարության հիման վրա կազմավորեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ՊԲ-ին հաջովեց ազատագրել նախկինում Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ տարածքի մեծ մասը՝ ռազմական գործողությունների արդյունքում գրավելով նաև Ադրբեջանի մերձակա մի քանի շրջաններ, որոնք կրակակետերի էին վերածված: Հենց այդ անվտանգության գոտու ստեղծումը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգը:

1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---