Վարչապետ․ Հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը

Վարչապետ․ Հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը

PanARMENIAN.Net - 33 տարի առաջ այս օրերին սկսված ղարաբաղյան շարժումը հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար՝ ազդարարելով պետականության վերականգնման առաջին քայլը: Այդ մասին Ղարաբաղյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա»:

«33 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք նաև հիշում և մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների հիշատակի առջև: Հիշում ենք ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, ապրիլյան և հուլիսյան մարտերում, մարտական հերթապահության ժամանակ զոհված մեր բոլոր նահատակներին: Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց հիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան և փառքի կրակն անմար: Զուր չէր նրանց սխրանքը և հավիտենական է նրանց թողած ժառանգությունը:

33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 33 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանը նշել է նաև, որ մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների:

«Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել ևս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումը՝ անսասան: 33 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ: Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով»,-ասվում է ուղերձում։

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---