«Ոչ իրավաչափ որոշում»-ից մինչև «ազատություն քաղբանտարկյալին». Գործիչները՝ Սաղաթելյանի կալանքի մասին

«Ոչ իրավաչափ որոշում»-ից մինչև «ազատություն քաղբանտարկյալին». Գործիչները՝ Սաղաթելյանի կալանքի մասին

PanARMENIAN.Net - Քաղաքական ու հասարակական գործիչներն արձագանքել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշմանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ Սաղաթելյանի կալանքը «բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի»:

Սաղաթելյանին ու վերլուծաբան Կարեն Բեքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: Բեքարյանը ևս ձերբակալված է։ Նրանք կասկածվում են Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջը վարելու մեջ: Էջից իշխանության ներկայացուցիչների հասցեին պարբերաբար վիրավորական բովանդակություն է տարածվում:

«Սա Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է: Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»,-գրել է Կիրակոսյանը՝ հավելելով, թե սա օպերացիայի առաջին փուլն է, իսկ բուն նպատակը Սաղաթելյանի ու Բեքարյանի համակարգիչների առգրավումն էր:

Իրավապաշտպանի կանխատեսմամբ՝ շուտով կսկսվի նրանց անձնական նամակագրության ու փաստաթղթերի արտահոսքը:

Քաղաքացու որոշում կուսակցությունից Միքայել Նահապետյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներից ոմանք 2.5 տարում «լեգիտիմացրել են քաղաքական հակառակորդի հետ հաշվեհարդար տեսնելու գործելաոճը ու դա է հիմա կապում մեր ձեռքերը նրանց ազատորեն պաշտպանելու հարցում»:

Նրա խոսքով՝ նման հակաիշխանական քարոզիչների հետ մեկտեղ պետք է ձերբակալվեն նաև իշխանականները:

«Բայց էստեղ կա մի շատ նուրբ դետալ. արդյո՞ք պաշտպանության արժանի է այն քաղբանտարկյալը, ով հայտարարում է, որ քաղաքական հայացքների համար բանտ նստացնելը ճիշտ է, որ ինքը ավելի դաժան բաներ կաներ, եթե իշխանություն ունենար»,-գրել է Նահապետյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ՝ «ֆուտուրիզմի անգերազանցելի շեդևր է էս «ֆեյկի զգետնումը» պիեսը»:

Մելիքյանն առաջարկել է պատկերացնել, թե մի օր իշխանությունը հայտարարում է, որ աղբ նետելը հանցագործություն է, բայց մարդիկ շարունակում են նետել, իսկ իշխանությունը նկատում է միայն, որ «Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի մոտակայքում ինչ-որ չարագործներ անընդհատ աղբ են թափում»։

«Հետո պարզում է, թե ովքեր են «իքս» օրվա ընթացքում քայլել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկով։ Պարզվում է՝ պայմանական 400 հոգի մարդ է անցել։ Հետո կարդում է այդ 400 հոգու ցուցակը և հայտնաբերում, որ նրանցից 4-ը հաճախ հրապարակավ քննադատում են իշխանությանը։ Հետո ասում է՝ ըհը՛ ուրեմն հենց էս 4-ն են։ Հետո գնում է էդ 4-ին ձերբակալում, դատարաններին էլ խստորեն ճնշում է, որ կալանավորեն»,-մեկնաբանել է Մելիքյանը:

Նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Մհեր Ավագյանին, ով ազատ է արձակվել: Նույն գործի շրջանակում կալանավորված է նաև Արամ Լևոնի Սարգսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---