ԲՏԱՆ․ Լոգիստիկ խնդիրների հետևանքով ՀՀ ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի

ԲՏԱՆ․ Լոգիստիկ խնդիրների հետևանքով ՀՀ ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի

PanARMENIAN.Net - Աբու Դաբիում IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը ԲՏԱ նախարարությունը բացատրել է լոգիստիկ խնդիրներով։

Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ «Հետքի» թղթակից Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում համեմատության համար ներկայացրել էր նաև Ադրբեջանի տաղավարի լուսանկարը։

«Առաջին նկարում մեր տաղավարն է։ Նկարին նայում եմ, թվում է՝ Երևան Մոլի help desk-ն է։ Բուկլետներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես։ Ռազմարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ, որևէ օրինակ չես գտնի։ Համեմատության համար կցում եմ նաև Ադրբեջանի տաղավարը ու լռում»,-ասվում էր գրառման մեջ։

Նշվում է, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

«Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Նշվում է, որ չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ն ընթանում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը: Հայտարարվել էր, որ Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---