ՊԵԿ-ը՝ «Շարժումին». Դեղորայք ու սնունդ մաքսազերծելու համար փաստաթղթեր են պետք

ՊԵԿ-ը՝ «Շարժումին». Դեղորայք ու սնունդ մաքսազերծելու համար փաստաթղթեր են պետք

PanARMENIAN.Net - Մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են կառավարության սահմանած համապատասխան մարմինների թույլտվություններ, սակայն Ֆրանսիայից Հայաստան 8271 կգ ապրանք ներմուծած հասարակական կազմակերպությունը դրանք չի ներկայացրել մաքսային մարմիններին, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Ավելի վաղ ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունից հայտարարել էին, որ 2020-ի դեկտեմբերից Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունն արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում և չի մաքսազերծվում: ՊԵԿ-ից արձագանքել են հենց այս հայտարարությանը:

ՊԵԿ-ից նշում են, որ 2020-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական հասարարական կազմակերպության կողմից ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։ Ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։

Կառույցից տեղեկացնում են, որ սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է ներկայացնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ: ՊԵԿ-ից նշում են, որ ավելի վաղ Ֆրանսիայից ժամկետանց պահածոներ ստանալու նախադեպ է եղել, այն չի ներմուծվել:

«Դեղեր և դեղամիջոցներ հայտարարագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության թույլտվություն (դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր), քանի որ հնարավոր է՝ լինեն հոգեմետ կամ ՀՀ-ում չգրանցված կամ ժամկետանց դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել սպառողին»,-նշում են ՊԵԿ-ից:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, դա իրականացվել է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---