Ռեստորանների միությունն առաջարկում է զարգացնել գաստրոտուրիզմը

Ռեստորանների միությունն առաջարկում է զարգացնել գաստրոտուրիզմը

PanARMENIAN.Net - Ռեստորանների հայկական միության անդամները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հերթական հանդիպմանը մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։

Նրանք կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, ու միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։

Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի և հայտնել, որ նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։

Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։ «Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- ասել է նախարարը։

Ռեստորանների հայկական միությունն ավելի վաղ առաջարկել էր վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը, ոլորտին առնչվող մյուս հարցերը կարգավորելու համար ձևավորել մշտական գործող աշխատանքային խումբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---