Պարսյան․ Ոստիկանների գործողությունների արդյունքում կոտրվել է ՀՅԴ անդամի ոտքը, այլ տուժածներ կան

Պարսյան․ Ոստիկանների գործողությունների արդյունքում կոտրվել է ՀՅԴ անդամի ոտքը, այլ տուժածներ կան

PanARMENIAN.Net - Ոստիկանների գործողությունների արդյունքում ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

«Նա հայրենադարձ է: Ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց»,- գրել է նա։

Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ վնասվածք է ստացել նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Ոստիկանները նաև գետնին են տապալել նկարահանում կատարող օպերատորներից մեկին։

Փետրվարի 23-ի առավոտից կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ էր։ «Հայրենիքի փրկության շարժման» հորդորով ցուցարարները հավաքվել էին՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: Ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել էին «Խաչքարերի պուրակը» և պատ կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում:

Վարչապետն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։ Նրա գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված էր. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։ 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։

Փետրվարի 22-ին Հայ հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության անդամ Ավետիս Ֆիշենքճեանին քաղաքացիական հագուստով անձինք տեղափոխել են ոստիկանության բաժանմունք՝ Հատուկ քննչական ծառայության շենքի ուղղությամբ ձվեր նետելու համար։

Հառավարական 3-րդ շենքի մոտ նախաձեռնած բողոքի ակցիան ավարտվել է, իսկ ժամը 18-ի կրկին հավաք է լինելու Արամ Մանուկյանի արձանի մոտ, ապա երթով կընթանան դեպի գլխավոր դատախազություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---