Bently-ն ավարտել է W12 առաջին շարժիչի փորձարկումները հաճախորդային Bacalar-ի համար

Bently-ն ավարտել է W12 առաջին շարժիչի փորձարկումները հաճախորդային Bacalar-ի համար

PanARMENIAN.Net - Bentley-ի առաջատար տեխնոլոգիաների կենտրոնում, որը մասնագիտանում է W12 շարժիչների վրա, ավարտել են 659 ձ/ու հզորությամբ և 900 Նմ պտտող մոմենտով շարժիչի հավաքումն ու արտադրական փորձարկումները, որը տեղադրվելու է առաջին հաճախորդային Bentley Mulliner Bacalar մեքենայի վրա։

Bacalar մոդելն ազդարարել է Bentley Mulliner-ի վերադարձն օրիգինալ թափքերի ստեղծմանը։ Ավտոմեքենան ունի 6.0 լիտրանոց առաջնային շարժիչ W12 TSI՝ աշխարհի ամենահզոր 12 մխոցանի ուժային ագրեգատը։

2003թ․ կրկնակի տուրբոմղիչով W12 առաջին շարժիչի թողարկումից ի վեր տարբեր կատարելագործումների արդյունքում հաջողվել է դրա հզորությունն ավելացնել 27%-ով, իսկ պտտող մոմենտը՝ 38%-ով։ Ընդ որում, վնասակար արտանետումների ծավալը զգալի նվազել է։

Ցուցանիշների այդպիսի զգալի բարելավումը տեղի է ունեցել կարտերի կոնստրուկցիայի, յուղման և հովացման համակարգերի, կրկնակի տուրբոմղիչի, վառելիքի ներարկման և վառելիքաօդային խառնուրդի այրման գործընթացների օպտիմալացման և կատարելագործման հաշվին։

W12 շարժիչը ձեռքով է հավաքվում 45 մասնագետի կողմից 6.5 ժամում։ Դրանից հետո գալիս է հատուկ դիագնոստիկ ստենդերի վրա երեք ծրագրով խորացված մեկ ժամանոց փորձարկման հերթը։ Փորձարկումների շնորհիվ գնահատվում է ոչ միայն յուրաքանչյուր կոնկրետ շարժիչի որակը, այլև գրանցվում են շարժիչների աշխատանքային պարամետրերը։

Շարժիչների ստեղծման առաջատար տեխնոլոգիաները Bentley W12 լեգենդար շարժիչը 6.0 լ աշխատանքային ծավալով և կրկնակի տուրբոմղիչով մշակվել է 2002թ․։ Այնուհետև այն զգալիորեն կատարելագործվել է մինչև ներկայիս տարբերակը, որը տեղադրվում է մակնիշի արդիական մոդելների վրա։ Եզակի W-աձև կոնստրուկցիայի շնորհիվ շարժիչը V12 շարժիչից 24%-ով կարճ է, ինչն ընդլայնել է ավտոմեքենայի կազմավորման հնարավորություններն ու ավելացրել օգտակար ներքին տարածքի ծավալը։

Նորագույն սերնդի W12 շարժիչն առաջին անգամ տեղադրվել է Bentayga մոդելում 2016-ին։ Այն ունի 30%-ով հզորացված ծնկաձև լիսեռ և մխոցների նոր ծածկույթ, որը կոչված է նվազեցնելու շփումը և բարձրացնելու կոռոզիայի հանդեպ կայունությունը։ Մթնոլորտային պլազմային փոշիացման (APS) արդյունքում մխոցները պատվում են ցածր լեգիրացված պողպատով։

Հովացման համակարգը կատարելագործել են՝ երեք առանձին կոնտուր ներմուծելով։ Առաջին կոնտուրը նախատեսված է մինչև աշխատանքային ջերմաստիճան մխոցների բլոկի գլխիկների առավելագույն արագ տաքացման համար, որի դեպքում երաշխավորվում են լավագույն բնութագրերն ու շարժիչի արտանետած գազերի նվազագույն վնասակարությունը։ Երկրորդ կոնտուրը սառեցնում է մխոցների բլոկը և յուղման համակարգը, իսկ երրորդը կանոնակարգում է տուրբոմղիչների ջերմային ծանրաբեռնվածությունը։ Կոնտուրներից յուրաքանչյուրը հագեցած է սառեցնող հեղուկի պոմպով, ինչը հստակ անջատ կառավարման հնարավորություն է տալիս։

W12 շարժիչը հագեցած է ներարկման համակցված համակարգով՝ վառելիքի ներարկումը բարձր ճնշման (200 բար) տակ անմիջապես մխոցների մեջ համադրվում է մուտքային կանալներ ցածր ճնշման (6 բար) տակ վառելիքի ներարկման հետ։ Երկու համակարգերի այդպիսի համադրման շնորհիվ ապահովվում է շարժիչի սահուն ընթացքը, նվազում է արտանետված գազերի տոքսիկությունը, օպտիմալացվում են հզորությունն ու պտտող մոմենտը։

Երկպարույրանի տուրբոմղիչների տեղադրումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել այսպես կոչված «տուրբոփոսը» և երաշխավորել արտանետման համակարգի առավել արդյունավետ աշխատանքը։ Երեք առջևի և երեք հետևի մխոցներն անջատ ընդունիչ խողովակներ ունեն, որոնք արտանետած գազերը հասցնում են երկպարույրանի տուրբոմղիչների տուրբինային անիվներին։ Տուրբոմղիչների կորպուսը եռակցված է անմիջապես արտանետման կոլեկտորներին։ Դրա մեջ ներկառուցված են պտտման հաճախականության ցուցիչներ, որոնց տվյալներով շարժիչը հետևում է տուրբոմղիչների աշխատանքի արդյունավետությանը։

Աշխատանքի որոշակի ռեժիմների դեպքում Bentley-ի փոփոխական աշխատանքային ծավալի համակարգը կարող է անջատել մխոցների կեսը։ Այդ մխոցներ վառելիք և կայծ չի հասնում, դրանց ընդունող և արտանետման փականները չեն տեղաշարժվում։ Այդպիսով, շարժիչն աշխատում է որպես 6 մխոցանի, և, համապատասխանաբար, ավելի քիչ վառելիք է ծախսում։ Այդ ռեժիմի դեպքում համակարգն աշխատում է 3-8 փոխանցումներով, պտտման հաճախականության ոչ ավելի քան 3000 պտ/ր և 300 Նմ ծանրաբեռնվածության դեպքում։

Նշված մոդելն արտադրության նախապատրաստական փուլում է։

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների աշխարհի ամենապահանջված բրենդն է։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են Անգլիայի Քրյու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների չորս մոդելային շարքերի՝ Continental, Flying, Spur և Bentayga, նախագծումն ու արտադրությունը։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---