Արշակունյացում կանչով լուսաֆոր տեղադրելու հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

Արշակունյացում կանչով լուսաֆոր տեղադրելու հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

PanARMENIAN.Net - Արշակունյաց պողոտայում ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցներ ձեռնարկելու հարցով Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հորդորելով անցումները կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով։

Արշակունյաց պողոտայի 272 հասցեում և դրան հարակից տարածքներում հաճախակի են վրաերթերը։

2021-ի փետրվարի 15-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայում քաղաքացին «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է: Վարորդը՝ թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Ըստ դատախազության ուսումնասիրության՝ 2017-2020թթ. Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժող մարմնական վնասվածք է ստացել, իսկ 9 մարդ մահացել է: Ընդ որում, մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի են ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց:

Շենգավիթի բազմաթիվ բնակիչների դիմումի հիման վրա դեռևս 2019թ. Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ Արշակունյաց պողոտա 278 հասցեի դիմացի հատվածում առկա չկարգավորվող անցումը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորելու վերաբերյալ: Այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը հանգեցրել է ճանապարհի նույն հատվածում մահվան ելքով վրաերթին:

Երևանի դատախազի միջնորդագրում ասվում է նաև նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելու անհրաժեշտության մասին։ Դատախազը հորդորել է նաև պարզել 2019թ.-ին խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ:

2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց: Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---