5 մարտի 2009 - 22:10 AMT
Ալլա Պուգաչովա. Երբ ես տխրում եմ, ես հիշում եմ իմ երեւանյան համերգը
Այսօր Երեւան-Թբիլիսի-Մոսկվա-Կիեւ-Քիշինեւ հեռուստակամուրջի շրջանակներում կայացավ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի «Ալլա Արտ» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Ալբոմում ներկայացված են երգչուհու համերգային լուսանկարները, որոնց մեջ է նաեւ Պուգաչովայի նկարը 16 տարեկանում, երբ նա դեռ նոր էր սկսում էր գլխապտույտ կարիերան:

«Այդ ալբոմը մաքրում է այն «դեղին փրփուրը», որը կուտակվել է Ալլա Պուգաչովայի շուրջը դեղին մամուլի աշխատանքի արդյունքում, եւ թողնում է արվեստը իր մաքուր տեսքով»,- ասել է գաղափարի հեղինակ եւ ալբոմի պրոդյուսեր Պավել Տոկարեւը: Նա ավելացրել է, որ ալբոմը լավ նվեր կդառնա որակյալ լուսանկարի գնահատողների համար: Երգչուհու խոսքով, ալբոմի երկրորդ հրատարակությունը ծրագրվում է նվիրել երգչուհու բարեկամներին, ընկերներին եւ նախկին ամուսիններին:

Ալլա Պուգաչովան նկատել է, որ ալբոմում կա Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացած համերգի մի լուսանկար: Այդ համերգի մասին երգչուհին առանձնահատուկ ոգեւորությամբ հիշեց: «Դա նման ձեւաչափի միակ ելույթն էր, եւ երբ ես տխրում եմ, ես վերանայում եմ «Հրազդան» մարզադաշտում կայացած համերգի լուսանկարները: Որքան անբռնազբոս զգացումներ եւ անկեղծություն աչքերում: Նման բանը չի մոռացվում»,- ասել է Ալլա Պուգաչովան: