ԱՄՆ ՄԶԳ-ն $2.65 մլն կուղղի ՀՀ-ի գյուղզարգացմանը

ԱՄՆ ՄԶԳ-ն $2.65 մլն կուղղի ՀՀ-ի գյուղզարգացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $2.65 մլն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվի ԱՄՆ ՄԶԳ 2 ծրագիր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։

ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում-Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1.15 մլն լրացուցիչ ֆինանսավորում` ընդհանուր բյուջեն հասցնելով $5.15 միլիոնի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը։

Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների:

Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, դրա ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO-ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների 2020 թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը:

Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ RED-NEO-ն կաշխատի գենդերային տնտեսական բացի վերացման և գյուղատնտեսության ոլորտում կանանց բիզնես, ֆինանսական, շուկայավարման, կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ։

RED-NEO-ի շրջանակում կստեղծվի մենթորական ծրագիր՝ կին ձեռներեցների, ուսանողների, բիզնես ասոցիացիաների և այլ սուբյեկտների միջև նոր համագործակցություն խթանելու և առկա կապերն ամրապնդելու համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն նաև տրամադրում է լրացուցիչ $1.5 մլն ֆինանսավորում՝ «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների և ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն այժմ կազմում է $1.9 միլիոն: 2020-ի մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը, որտեղ Հայաստանի գյուղական համայնքների ձեռնարկատերերը ձեռք կբերեն նոր հմտություններ:

Այս լրացուցիչ ֆինանսավորմամբ AGRI CAMP-ը կամրապնդի գյուղատնտեսության ոլորտի կին գործարարների հմտություններն ու գործարար կապերը:

AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչև 2023 թ. ապրիլի 30-ը առնվազն 1000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից և տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ։ Արդյունք, որն, ի վերջո, կհանգեցնի բիզնեսի հասույթի և տնային տնտեսությունների եկամուտների ավելացման:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---