5 մարտի 2009 - 22:19 AMT
Մինսկի խումբը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ դիտարկման ձախողումը
ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Կայլ Սքոտը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆարսիեի (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) անունից հայտարարություն է հրապարակել` Հորադիզի մոտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի դիտարկման ձախողման վերաբերյալ: Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ մշտական խորհրդում դիտարկման ձախողումը քննարկելուց հետո:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ-ը կողմերին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ խոր ափսոսանք է հայտնում այն առնչությամբ, որ 2008 թվականին ավելի քան 30 մարդ զոհվել եւ 50-ը վիրավորվել է հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Մենք ամենայն վճռականորեն դատապարտում ենք ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումը, հատկապես հաշվի առնելով, որ երկու կողմի զինված ուժերի ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելության անվտանգության գրավոր երաշխիքներ էին ներկայացրել»:

Համանախագահներն ափսոսանքով ընդգծում են, որ 2008 թվականի դեկտեմբերին Հելսինկիիում կայացած Նախարարների խորհրդի նիստում ոչ բոլոր կողմերն էին համաձայնվել ԵԱՀԿ ՄԽ-ի խորհրդներին, երբ նրանք խոսում էին շփման գծից նշանառուների դուրսբերման մասին: «Մենք լիովին հավանություն ենք տալիս դեսպան Կասպրշիկի եւ նրա խմբի աշխատանքին, ընդգծում ենք շփման գծում դիտարկման կարեւորությունը` որպես կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոց», - նշվում է Մինսկի խմբի հայտարարության մեջ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Փետրվարի 26-ին նախատեսվում էր Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի շրջակայքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկման անցկացումը ԵԱՀԿ առաքելության կողմից:

Սակայն դիտարկման սկզբին ադրբեջանական կողմից կրակոց էր արձակվել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում անցկացնող ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ: Այնուհետեւ ադրբեջանական կողմից ինքնաձիգից կրակահերթ էր արձակվել` դիտարկման խմբից մի փոքր դեպի ձախ, որից հետո առաքելության ուղղությամբ եւս մեկ կրակոց էր արձակվել: Ադրբեջանի տարածքից դիտարկման խումբը գլխավորող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կարգադրել էր դադարեցնել դիտարկումը:

Բացի այդ, ադրբեջանական կողմը, հերթական անգամ, ԵԱՀԿ դիտարկման առաքելությանը չէր ուղեկցել դեպի նախապես որոշված իր առաջնային սահմանակետը: