5 մարտի 2009 - 22:26 AMT
ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակում է վերահսկել իրավիճակը շուկայում
«Շուկայում իրավիճակը կայունացել է, իսկ իրավիճակը չարաշահողների նկատմամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վաղվա նիստում վարույթներ կհարուցվեն»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին են ասել ՀՀ ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում: Հատուկ այդ նպատակով Հանձնաժողովի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մոնիտորինգի համաձայն, այսօր արդեն շուկայում կայունություն է գրանցվել, աժիոտաժային իրավիճակը վերացել է: Հանրապետության` մոնիտորինգի ենթարկվող մի քանի ցանցային սուպերմարկետներում եւ առեւտրի մանրածախ կետերում գների փոփոխություններ չկան. կամ առաջին անհրաժեշտության ապրանքների բարձրացումներ նկատվել են միայն կոնկրետ 4-5 ապրանքատեսակների դեպքում:

Ինչպես հաղորդլ են հանձնաժողովի մամլո ծառայությունում, արդեն իսկ դոլարի փոխարժեքի կայունացմանը զուգընթաց, խոշոր ներկրողների հետ նախնական քննարկումների արդյունքում ակնկալիք կա, որ ապրանքային շուկաներում իրավիճակն ավելի կբարելավվի: Միեւունույն ժամանակ, աշխատանքային խումբը գրանցում է բոլոր ահազանգերն ու տվյալները, որոնք ստացվում են խնդրի առնչությամբ:

Ուրբաթ օրը տեղի կունենա ՀՀ ՏՄՊՊՀ նիստը, ի շարս այլ հարցերի, կքննարկվեն նաեւ շուկայի վերահսկողության ընթացքի վերաբերյալ հարցը: Նախապատրաստված նյութերի հիման վրա նախատեսվում է, որ մի քանի շուկաներում վարույթներ կհարուցվեն` տնտեսական գործոններով չհիմնավորված գների բարձրացումների, արհեստական դեֆիցիտի մասին վկայող տվյալների առնչությամբ:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը հանդես էր եկել տնտեսվարող սուբյեկտներն ուղղված նախազգուշացմամբ` զերծ մնալ վերոհիշյալ պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից: