Փաշինյան. Իշխանության եմ եկել ժողովրդի որոշմամբ, ժողովուրդն էլ պիտի որոշի հեռացման հարցը

Փաշինյան. Իշխանության եմ եկել ժողովրդի որոշմամբ, ժողովուրդն էլ պիտի որոշի հեռացման հարցը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմից հետո ինքը մտածել է հրաժարականի մասին, սակայն իր կամքով չի վարչապետ դարձել, այլ ժողովրդի, և վերջինս էլ կարող է իրեն հեռացնել իշխանությունից:

Փաշինյանն ու աջակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը: Ավելի վաղ Փաշինյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու հրաման էր տվել:

Փաշինյանի խոսքով՝ շատ զինվորականներ այդ հայտարարության տակ ստորագրել են իրենցից բարձրաստիճան զինվորականների հրամանով:

«Քաղաքացիական պատերազմ հրահրելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության և ժողովրդի կողմից: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, ձեզ մոտ հարց կծագի՝ ես պատերազմից հետո չե՞մ մտածել հրաժարական տամ: Ես ուզում եմ անկեղծ ասել՝ մտածել եմ: Շատ եմ մտածել: Բայց ես ասել եմ մի բան՝ ես իմ կամքով՝ ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի: Երբ մենք որոշեցինք, որ խորհրդարանական ուժերին առաջարկենք արտահերթ ընտրություններ, ինչի՞ համար էինք ուզում դա անել: Ոզում էինք, որ ժողովուրդն ի վերջո կրկին վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը, խորհրդարանական ուժերը մերժեցին մեր առաջարկը»,- հայտարարել է վարչապետը:

Նա նշել է, որ ժողովուրդն իրավունք ունի իր նկատմամբ ամենադաժան վճիռը կայացնելու:

Փաշինայնն առաջարկել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին օր ու ժամ որոշել և սկսել արտահերթ ընտրությունների հարցով կոնսուլտացիաները:

Վարչապետի խոսքով՝ օր առաջ պետք է հանգուցալուծվի նաև Զինված ուժերի հետ կապված իրավիճակը:

Նա նշել է, որ հեռախոսով խոսել է Հանրապետության նախագահի հետ և ասել, որ կարծում է՝ նախագահը պիտի ստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Վարչապետի խոսքով՝ այն չստորագրելը նշանակում է միանալ պետական հեղաշրջմանը:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---